ԿԱՐՈՏԻ ԿԱՆՉՈՎ...Հայուհի Սուսաննա Ղազարյան

ԿԱՐՈՏԻ ԿԱՆՉՈՎ...
Նվիրված է Սփյուռքում ապրող իմ պայծառ Հարազատին
Նստած պռնկին լայն ճանապարհի՝
Անթարթ նայում եմ լուսավոր հեռուն,
Այնտեղ լեռներ են՝ նման դարերի,
Այնտեղ իմ սիրտն է թրթռում, թևում։
Այնտեղ արևը ուրիշ գույն ունի,
Եվ ուրիշ կերպ է այգը արթնանում,
Ոսկե-ծիրանի թիկնոցը ուսին՝
Շրջում է հանդում ու անդաստանում։
Այնտեղ իմ սերը ուրիշ համ ունի՝
Հայրենաբաղձ է ու հայրենականչ,
Հողն իր մեջ այդքան անուշ բույր չունի,
Չունի քաղցրահուշ կարոտների կանչ։
Նստած պռնկին մեծ ճանապարհի՝
Հանդարտ նայում եմ լուսաշող հեռուն,
Սիրտս կանչում է՝ եղբայր իմ, արի',
Որ գնանք շուտով մեր հայրենի տուն։