Հարության գաղափարը ոչ միայն առավոտից երեկո խաչակնքվելն է, այլ ճիշտ ապրելը. Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

Հայ Առաքելական եկեղեցին ապրիլի 4-ին նշում է Սուրբ Հարության կամ Սուրբ Զատկի տոնը, ասել է թե զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված, խաչելություն, մահ եւ հարություն: Այդ օրը բարեւի փոխարեն ողջունում ենք այսպես. «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Այն համարվում է 5 տաղավար տոներից մեկը: Սուրբ Զատկի տոնին առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի պատարագ, որը նշանավորում է Մեծ պահքի ավարտն ու Հիսուս Քրիստոսի հարությունը: Դրան կհաջորդի զատկական սեղանը` հատուկ խորհրդով եւ խորհրդավոր ուտեստներով:
Տոնի խորհրդի, հոգեւոր կողմի մասին զրուցել ենք Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ:
- Զատիկի նախեւառաջ հավատքի տոնն է, եւ եթե մենք չենք ընդունում Քրիստոսի հրաշափառ հարությունը, կնշանակի մենք ճիշտ քրիստոնեական ճանապարհի վրա չենք, եւ անընկալելի պետք է լինի քրիստոնեություն հասկացողությունը ընդհանրապես: Հարության գաղափարն այն է, որ կյանքը շարունակվում է անկախ ամեն ինչից, ինչպես Աստվածաշունչն է ասում` դրախտը նախ պետք է մեր սրտում ստեղծել: Հոգեւոր փրկություն ստանալու համար մենք պետք է հետեւենք մեր կենցաղավարությանը, մեր ծառայությանը Աստծուն, հայրենիքին եւ եկեղեցուն, մեր հայրական ընտանիքին, աղոթքը ծնողի նկատմամբ: Եթե թվարկածս քրիստոնեական արժեքներով մենք ապրենք, ապա մեր հոգու փրկության գանձերը կդիզենք մեր կենդանության օրոք: Հարության գաղափարը ոչ միայն առավոտից երեկո խաչակնքվելն է, այլ ճիշտ ապրելը, պետք է գործն ու խոսքը համահունչ լինեն, համահունչ եւ ներդաշնակ:
Հոգեւոր ապրելակերպը շատ կարեւոր է նաեւ անվտանգության համար: Երբ մենք հոգեւոր իմաստով սխալվում ենք, ապա վտանգվում է նաեւ մեր անվտանգությունը: Ճիշտ ապրելակերպի ժամանակ մենք ավելի ենք հզորանում ավելի ենք միաբանվում: Եթե ճիշտ չենք ապրում, շեղվում ենք ճանապարհից, ուրեն ամբողջը կործանվում է: Դրա վառ ապացույցը մենք տեսանք պատերազմի օրերին: Եվ այսօր Սուրբ Զատիկը գալիս մեզ ասելու, որ առ Աստված հույսով եւ հավատքով ապրելն է ճիշտ, եւ միայն այդ ճանապարհի վրա մենք կկարողանանք կերտել հզոր հայրենիք, եկեղեցի եւ ապագայի նկատմամբ լավատսական տեսլականով:
- Սրբազան, Զատիկի խորհրդանիշներից է նաեւ կարմիր ձուն:
- Ձուն կենդանության, շարունակականութ գաղափարն է, իսկ կարմիր գույնը դա արյան, Հիսուս Քրիստոսի արյան խորհրդանիշն է, որը թափվեց հանուն մարդկության փրկության: Որպեսզի մարդիկ այլեւս չսխալվեն, ապրեն քրիստոնեական արժեքներով: Զատիկ բառը դա զատվել բառից է, ինչը խորհրդանշում է` Քրիստոս զատվեց մահից, ապա քանդելով, ավիրելով դժոխքը հարություն առավ:
- Սրբազան, այն ընտանիքները ովքեր ննջեցյալներ ունեն, ձուն չեն ներկում, եւ առհասարակ, միայն մեռելոցով են սահմանափակվում: Այդպե՞ս է պետք վարվել:
- Քրիստոսի հրաշափառ հարությունը միայն կենդանի մարդկանց համար չէ, դա բոլորի համար է: Մեր եկեղեցու հայրեը շատ խելոք են եղել եւ շատ ճիշտ են որոշումներ կայացնել: Նկատի ունեմ այն առումով, որ Հարությանը տոնը տոնում ենք, ապա հաջորդ օրը հիշում մեր ննջեցյալներինª նրանց փոխանցելով Քրիստոսի հրաշափառ Հարության ավետիսը: Կուզենայի, որ մենք ճիշտ հասկանանք, որ Հարության տոնը մայիսի 1 չէ, հունվարի 1 չէ, այն համընդհանուր քրիստոնեական տոն է:
- Ունե՞ք պատգամ մեր քրիստոնյա ժողովրդին:
- Ուզում եմ իրապես ավետիսով ապրենք, իրական քրիստոնեական արժեքներով: Շնորհավորում եմ բոլորիս, անկախ իրավիճակից, թող Աստված օրհնի բոլորիս, իշխանավորներին իմաստություն, զինվորիներին ուժ ու կարողություն, որպեսզ կարողանանք մեր երկիրը ծաղկեցնենք եւ Քրիստոսի հրաշափառ Հարությամբ ներենք մեկս մյուսին: Որպեսզի Տերն էլ ների մեր ե՛ւ խոստանված ե՛ւ թաքուն պահված մեղքերը, որպեսզի մաքրամքուր հոգով կարողանաք ընդունել Քրիստոսի հրաշափառ ավետիսը: